National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
10.09.2021
«Հայաստան» խմբակցության հեղինակած ԱԺ որոշման նախագիծը դրական եզրակացություն չստացավ
1 / 12

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ին գումարված արտահերթ նիստում քննարկեց  ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության  ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ԱԺ որոշման նախագիծը,  որով խմբակցությունն առաջարկում էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը վերանվանել Արտաքին հարաբերությունների եւ Արցախի հարցերի մշտական հանձնաժողով:

Հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով՝  նախագիծն ամբողջովին միտված է հայկական պետականության եւ ինքնիշխանության ամրապնդմանը: «Հատկապես այս փուլում, երբ ընթանում են տարբեր գործընթացներ Արցախի եւ Հայաստանի  շուրջ, մենք պետք է իբրեւ խորհրդարանական երկիր կարողանանք մեր մշտական հանձնաժողովների գործառույթներում Արցախի խնդիրները, Արցախին առնչվող հարցերը ներառել»,-ասաց նա:

Ըստ առաջարկության՝ ստեղծվելիք հանձնաժողովը պետք է զբաղվեր միջազգային հարաբերությունների, ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ կապերով, միջխորհրդարանական համաձայնագրերով եւ կապերով, խորհրդարանական բարեկամական խմբերի հետ հարաբերություններով, Արցախի հետ կապերով, ՀՀ-ի եւ Արցախի   միջեւ պայմանագրերի եւ դրանց իրագործման, Արցախի խնդրի կարգավորման, ՀՀ-ի եւ ԱՀ-ի միջեւ հարաբերությունների կանոնակարգման եւ զարգացման, Արցախի միջազգային  ճանաչման, Հայաստանի եւ Արցախի օրենքների մոտարկման հարցերով:

Հարակից ելույթում  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր գործընկերները  հարցերի լուծման ոչ ճիշտ գործիքակազմ են ընտրել: Նա նկատեց, որ Արցախին առնչվող հարցերի  քննարկման նպատակով ստեղծված է եւ արդյունավետ գործում է Հայաստանի եւ Արցախի միջեւ գործող միջխորհրդարանական հանձնաժողովը, եւ կարիք  չկա նման նուրբ հարցերի քննարկումն իջեցնել  մինչեւ ոլորտային հանձնաժողովի մակարդակի:

Տեղի ունեցած քվեարկության արդյունքում նախագիծը դրական եզրակացություն չստացավ:  Կողմ քվեարկեցին 4, ձեռնպահ՝ 7 պատգամավորներ:

«Արցախի հարցում մենք պետք է հանդես գանք համաձայնեցված եւ եթե չունենք միասնական  որոշում կայացնելու համոզմունք, ապա պետք է հարցը հանրային քննարկման առարկա չդարձնել: Քաղաքականապես սա լուրջ չէ: Չպետք է քաղաքական պայքարի դաշտ դառնա Արցախի խնդիրը»,-նիստի ավարտին նման տեսակետ հայտնեց  հանձնաժողովի անդամ Վիգեն Խաչատրյանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am